Հայաստանը ձգտում է առեւտրատնտեսական հարաբերությւոնները զարգացնել եւ Եվրամիության, եւ Եվրասիական մաքսային միության հետ, ու այս առումով` որեւէ տարբերություն չկա: Այդ մասին այսօր` օգոստոսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չի խանգարի Մաքսային միության հետ հարաբերություններին:

Նախարարի խոսքով՝ առեւտրատնտեսական հարաբերությունները միշտ էլ բարդ են, միշտ կան «ստորջրյա քարեր», սակայն Հայաստանի մարտավարությունը նույնն է մնում: «Մենք հույս ունենք, որ հետագայում եւս այն հիմնված կլինի փոխշահավետ համագործակցության վրա` մեր բոլոր հիմնական առեւտրային գործընկերների հետ»,- նշեց Վ. Ավանեսյանը: