Երեւանում օգոստոսի 26-ից 28-ը տեղի է ունենում տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, բելառուսական կողմից` Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:

Այսօր` օգոստոսի 27-ին կայացած նիստում հանձնաժողովի անդամները ամփոփեցին նախորդ տարվա նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները: Քննարկվեց երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգով բելառուսական տեխնիկայի մատակարարման խնդիրները, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության, առողջապահության, գիտության եւ կրթության, մշակույթի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջմարզային կապերի խորացմանն առնչվող բազմաբնույթ հարցեր: Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրեցին համապատասխան արձանագրությունը, որում ամրագրված էին նիստի ընթացքում ընդունված որոշումները: Վահրամ Ավանեսյանը շնորհավորեց բոլորին հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բարեհաջող ավարտի կապակցությամբ: Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2014 թվականի երկրորդ կիսամյակում:

Նշենք, որ 2013թ. մարտի դրությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում Բելառուսի Հանրապետությունից կատարվել են 197 հազ. ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ:

Հայաստանի Հանրապետությունում 01.09.2012թ. դրությամբ գրանցված է բելառուսական կապիտալի մասնակցությամբ 10 ձեռնարկություն: