Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանը օգոստոսի 27-ին իր հավատարմագրերը հանձնել է ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը շնորհավորեց դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել է, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։ ՎՍՀ նախագահը վստահություն հայտնեց, որ Հանոյում ՀՀ դեսպանության հիմնումը նոր թափ կհաղորդի երկու ժողովուրդների միջև դեռևս խորհրդային տարիներից եկող և ամուր հիմքեր ունեցող բարեկամական կապերին։

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը։

Զրույցի ընթացքում շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, առանձնակի կարևորվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը:

Դեսպան Վարդանյանը ՎՍՀ Նախագահին փոխանցել է ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Վիետնամի ժողովրդի անունից նախագահ Չիոնգ Տան Շանգը իր խորին երախտագիտությունը հայտնել է հայ ժողովրդին՝ իր երկրի համար դժվարին տարիներին ստացած աջակցության և օժանդակության համար։

Միաժամանակ, նա նշել է, որ Վիետնամի կառավարությունը երախտապարտ է խորհրդային տարիներին Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում ՎՍՀ քաղաքացիների բարձրորակ ուսուցումը կազմակերպելու համար։ Նա հույս է հայտնել, որ այդ շրջանավարտների մի մասը կարող է կամուրջ հանդիսանալ երկու երկրների միջև տարաբնույթ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու գործում։

Հանդիպման ավարտին նախագահ Չիոնգ Տան Շանգը հաջողություններ է մաղթել ՀՀ նորանշանակ դեսպանին՝ իր առաքելությունն իրականացնելու գործում՝ խոստանալով Վիետնամի ղեկավարության աջակցությունը։