Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 27-ին հանդիպել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը:
Կապալառուի հավաստմամբ՝ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են, ամեն ինչ պատրաստ է բետոնապատումն սկսելու համար: Տրանշ 1-ի Հատված 2-ում (Երեւան-Արարատ կմ9+312 - կմ28+912) բետոնը փռելու աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի 30-ին, իսկ Հատված 3-ում (Երեւան-Աշտարակ կմ18+370– կմ29+600)՝ սեպտեմբերի 2-ին:
Գագիկ Բեգլարյանը եւս մեկ անգամ հստակ պահանջ է ներկայացրել ընկերությունների ներկայացուցիչներին, որպեսզի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն իրականացվեն համապատասխան որակով եւ ավարտվեն սահմանված ժամկետներում:
Գագիկ Բեգլարյանը պահանջել է աշխատանքներն իրականացնել համապատասխան որակով եւ սահմանված ժամկետներում:
Ընկերությունների ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարական աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում:




























