Երեկ` օգոստոսի 27-ին 93 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմը:
Ժան (Հովհաննես) Սեմերջյանը ծնվել է 1920 թվականի մարտի 9-ին Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արեւմտյան Հայաստան), մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետեւ տեղափոխվել եւ հաստատվել է Ֆրանսիայում։
Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում։ Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Ամուսնու վախճանից հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում։
Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.)։ 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով։ Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» եւ այլն։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։
Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։
Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրեւ միզերաբլիստ` թշվառների նկարիչ։
1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ` Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում եւ այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաեւ Մոսկվայում։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։ 2001-ին Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան եւ 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին։




























