Լիտվայի կառավարությունն առաջարկել է նախագահին դեսպաններին հետ կանչել Հունգարիայից եւ Ադրբեջանից՝ աղմուկ հանած ձայնագրությունների տարածումից հետո, որտեղ, ամենայն հավանակությամբ լիտվացի դիվանագետների զրույց է ձայնագրված:
Առաջարկվում է դեսպանների գործունեությունը կասեցնել օգոստոսի 30-ից սկսած, փոխանցում է 15min.lt-ն: Կառավարությունը դա բացատրում է նրանով, որ այդ խոսակցությունների պատճառով վարչապետին քննադատության են ենթարկել:
Ըստ սահմանադրության, դեսպաններին հետ կանչել կարող է նախագահը՝ կառավարության համապատասխան դիմումի հիման վրա:
Հուլիսի 8-ին YouTube-ում ձայնագրություն էր դրվել, որում նշվել է, թե խոսում են երկու դիվանագետներ: Ենթադրաբար զրուցում են ԱԳՆ «Արեւելյան համագործակցության» քաղաքականության վարչության փոխտնօրեն Զենոնաս Կումետայտիսն ու Հունգարիայում դեսպանատան աշխատակից Ռենատաս Յուշկան: Նշվում է, որ զրույցը կայացել է ապրիլի 4-ին: Նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, ԼՂՀ հետ բարեկամության խումբը:
Նույն օրը զետեղվել է Ադրբեջանում դեսպան Արթուրաս Ժուրաուսկասի մասին տեսագրություն, որտեղ նա խոսում է Թուրքմենստանի մասին: Երկու դեպքում էլ դիվանագետները սկանդալային մի շարք հայտարարություններ են անում:




























