Չի կարելի բացառել ԱՄՆ կողմից Սիրիայի դեմ ռազմական օպերացիայի հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի վերջին հայտարարությունն այն մասին, որ Վաշինգթոնը անհերքելի տեղեկություններ ունի այն մասին, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ցանկանում է տապալել Ասսադի ռեժիմն ու Սիրիայի իշխանությունը փոխանցել սուննիական մեծամասնությանը, որը կապված է Պարսից ծոցի միապետերի հետ, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են: Դրա համար տարբեր կեղծ տեղեկություններ են տարածվում, այդ թվում՝ իշխանությունների կողմից քիմիական գրոհի մասին: Հնարավոր է, որ իրադարձությունները զարգանան իրաքյան սցենարով, սակայն հույս կա, որ Իրանն անմասն չի մնա եւ կօժանդակի Սիրիային: Ալեքսանդրովը կարծիք է հայտնել, որ պատերազմի ընթացքումՍիրիան կարող է հարված հասցնել Իսրայելին, որն Իրանի, հնարավոր է նաեւ Եգիպտոսի կողմից հարձակման ենթարկվի: Նա կարեւորել է նաեւ հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը՝ նշելով մի քանի կարեւոր գործոններ, որոնք կարող են հետ պահել այդ երկրին՝ Սիրիայի վրա հարձակվելուց: Նա հավելել է, որ վերջերս Թուրքիան բավականին «ավանտյուրային» է իրեն պահում եւ կարող է ինաքնասպանությանը համարժեք քայլի գնալ:
Ի պատասխան այն, հարցին, արդյոք հնարավոր է առանց ՄԱԿ-ի արտոնության ԱՄՆ-ի ռազմական հարվածը Սիրիային, Ալեքսանդրովն ընդգծել է, որ դա շատ հավանական է, քանի որ նման փորձ արդեն կա՝ Իրաք եւ Լիբիա:
Նշենք, որ երկուշաբթի գիշերը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը կարծում է, որ նրանք, ովքեր օգտագործել են ամենասարսափելի զենքը, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա նաեւ հավելել է, որ Սպիտակ տունը առաջիկա օրերին կորոշի, թե կոնկրետ ինչ պատասխան է տալու:




























