Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 29-ին համաձայնագիր են ստորագրել` համատեղ կառավարման հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ կառույցի հիմնումը նախատեսված էր օգոստոսի 14-ի երկկողմ պայմանավորվածություններով, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը: 

Ըստ ԿՀ-ի միավորման նախարարության հայտարարության` կոմիտեում երկու կողմերն էլ նշանակելու են մեկական նախագահ եւ կառավաման հնգական անդամ: Կառույցի կազմում ընդգրկվելու են նաեւ հինգ ենթահանձնաժողովներ, որոնք վերահսկելու են անձնակազմի տեղաշարժը, ներդրումների պաշտպանությունը, կապի եւ մաքսային ծառայության աշխատանքը, ինչպես նաեւ  լուծելու են համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացման հարցեր: Անհրաժեշտության դեպքում  կարող են ստեղծվել լրացուցիչ ենթահանձնաժողովներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԿՀ-ն եւ ԿԺԴՀ-ն նաեւ պայմանավորվել են Կեսոնում ստեղծել մշտական քարտուղարություն, որի նպատակն է լինելու ապահովել համատեղ հանձնաժողովի աշխատանքը: Նոր հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին: