Սիրիան ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի, եւ երկրի ռազմական ղեկավարությունը ցանկացած հնարավոր ագրեսիայի կպատասխանի:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ  Բաշար ալ Ջաֆարին: Նա հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի նիստն անօրինական է եւ Սիրիայի նկատմամբ ագրեսիան արդարացնելու փորձ՝ առանց սպասելու ՄԱԿ-ի փորձագիտական խմբի եզրակացությանը: «Ռազմական ցանկացած ագրեսիա կխոչընդոտի միջազգային առաքելության աշխատանքին: Միայն Անվտանգության խորհուրդն է իրավասու Սիրիայի վերաբերյալ բանաձեւ ընդունելու,  միջազգային կազմակերպության կողմից  չարտոնված ռազմական գրոհը վտանգավոր նախադեպ կդառնա», - հայտարարել է նա:

ՄԱԿ-ում ՍԱՀ-ի դեսպանը գլխավոր քարտուղար Բան Կի Մունից պահանջել է, որպեսզի փորձագիտական խումբը Սիրիական բանակի դեմ գրոհայինների կողմից քիմիական զենք կիրառելու եւս երեք դեպքեր հետաքննի:

Միջազգային փորձագետներին հարկավոր է ժամանակ տալ գիտական օբյեկտիվ եզրահանգումներ կատարելու համար՝ բացառելով  նրանց նկատմամբ ցանկացած քաղաքական ճնշում, ՄԱԿ-ում Սիրիայի  մշտական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՍԱՆԱ-ն:

Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների փակ նիստն օգոստոսի 28-ին արդյունք չէր տվել:

Սիրիայում ռազմական գործողություն թույլատրելու մասին Մեծ Բրիտանիայի մշակած բանաձեւը Ռուսաստանի եւ Չինաստանի ջանքերով ուղարկվել էր լրամշակման:

Անգամ լուրեր կային, թե Ռուսաստանի եւ Չինաստանի մշտական ներկայացուցիչներն ի նշան բողոքի լքել են դահլիճը, սակայն պաշտոնական աղբյուրները հերքել են տեղեկությունը:

ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, թե Ասադը չի կարող թաքնվել Ռուսաստանի թիկունքում եւ խոստացել, որ ԱՄՆ-ն սեփական որոշում կկայացնի անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:

Միաժամանակ, նախագահ Օբաման հայտարարել է, որ առայժմ Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշում չի կայացրել: