Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հետ է կանչել Ադրբեջանում եւ Հունգարիայում երկրի դեսպաններին՝ կապված դիվանագետների՝ ինտերնետում տարածված հեռախոսազրույցի հետ: Այս մասին հաղորդում է delfi.lt-ն՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը նշել է, որ դա դաս էր լիտվացի դիվանագետների համար:

Հուլիսի 8-ին YouTube-ում ձայնագրություն էր դրվել, որում նշվել է, թե խոսում են երկու դիվանագետներ: Ենթադրաբար զրուցում են ԱԳՆ «Արեւելյան համագործակցության» քաղաքականության վարչության փոխտնօրեն Զենոնաս Կումետայտիսն ու Հունգարիայում դեսպանատան աշխատակից Ռենատաս Յուշկան: Նշվում է, որ զրույցը կայացել է ապրիլի 4-ին: Նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, ԼՂՀ հետ բարեկամության խումբը:

Նույն օրը զետեղվել է Ադրբեջանում դեսպան Արթուրաս Ժուրաուսկասի մասին տեսագրություն, որտեղ նա խոսում է  Թուրքմենստանի մասին: Երկու դեպքում էլ դիվանագետները սկանդալային մի շարք հայտարարություններ են անում: