Եվրամիության հետ Ազատ առեւտրի համաձայնագիրը  պետք է դյուրացնի Հայաստանի եւ ԵՄ-ի տնտեսական կապերը: Այսօր՝ օգոստոսի 29-ին, նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Ըստ նրա՝ հենց նման պայմանների պետք է ձգտի Հայաստանն այդ համաձայնագիրը ստորագրելիս: «Եվրամիության հետ տնտեսական կապերի ամրապնդումը, միաժամանակ Ռուսաստանն անշահավետ վիճակում չդնելով, Հայաստանի շահերից է բխում», – նշել է Ա. Մարկարովը:

Հարցի ռազմական բաղադրիչից խոսելով՝ Մարկարովը նկատել է, որ Եվրամիությունն, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանին եւ տարածաշրջանի այլ երկրներին անվտանգության երաշխիքներ չի տրամադրում:

«Ռուսաստանի հետ մենք նման փորձ ունենք, դրա օգնությամբ պետք է այսուհետ եւս ազգային անվտանգություն ապահովենք», – հայտարարել է Ալեքսանդր Մարկարովը:

Հիշեցնենք, Հայաստանի-ԵՄ Ասոցացման մասին համաձայնագիրը, որը ներառում է նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիր, պետք է նախաստորագրվի այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: