Ռուսական հեղինակավոր կենտրոններից մեկի անցկացրած հարցումը  ցույց է տվել, որ ռուսաստանցիների 71%-ը վստահ են, որ միգրանտները հիմնականում քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, եւ կողմ են նրանց արտաքսմանը:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացմանը:

Ըստ նրա՝ հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 73 տոկոսը կողմ է եղել միգրանտների նկատմամբ իշխանությունների կոշտ գործողություններին, ընդ որում, ռուսների մոտ53%-ը միգրանտներին համարում է ռուսաց լեզուն ու մշակույթն արհամարհող անձինք, որոնք խնդիրներ ունեն ՌԴ-ի այսպես կոչված բնիկների հետ:  «Սա այն ֆոնն է, որը ցույց է տալիս միգրանտների խնդրի ընկալումը ժամանակակից Ռուսաստանում:  Բացի այդ, վերջին օրերին եւ շաբաթներին, հիմնականում Մոսկվայի քաղաքապետի ընտրարշավով պայմանավորված, պաշտոնյաների բավական ակտիվ հայտարարություններ են հնչում այդ հարցի վերաբերյալ», - ընդգծեց Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության պետ Ելենա Ռադոչինան հայտարարել էր, որ առաջիկայում երկրի միգրացիոն քաղաքականությունը կխստացվի: Մասնավորապես, կխստացվի աշխատանքային այն միգրանտների նկատմամբ պատիժները, ովքեր 30 օրով գերազանցել են երկրում մնալու ժամկետը: Չի բացառվում, որ նրանց մուտքը Ռուսաստանի տարածք արգելվի: