Կալիֆորնիական Գլենդել քաղաքում ապրող հայը, որին մեղադրում են Սակարամենտոյից ինչ-որ տղամարդու բանկային հաշվից մոտ 141 հազար դոլարի հափշտակման մեջ՝ 96 ոսկեդրամ գնելու համար, խարդախության մեջ դաշնային մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչել:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, 63-ամյա Կարապետ Դամարյանին եւ Ռանչո-Կորդովայից իր 30-ամյա գործընկեր Գարիկ Ոսկանյանին մեղադրանք են ներկայացրել բանկային խարդախության եւ անձնական տվյալների յուրացման մեջ ծանրացուցիչ հանգամանքներում:
Դամարյանը մայիսին ներկայացել է որպես Սակրամենտոյում բնակվող անձ, որպեսզի մուտք գործի զոհի բանկային հաշիվ ու 141 395 դոլարը փոխանցի «Placerville Coin and Bullion» կազմակերպության հաշվին՝ ոսկի գնելու նպատակով: Սակայն ոսկու խանութի վաճառողը Դամարյանին միանգամից ոսկի չի տրամադրել եւ խնդրել է հաջորդ օրը վերադառնալ, քանի որ զգացել է՝ «ինչ-որ բան այն չէ»: Հետախույզները կապ են հաստատել խանութի տիրոջ հետ, այնուհետեւ խանութի ներսում հետեւել են Դամարյանին: Հաջորդ օրը հետախույզները արագ նկատել են մարզում շրջող Դամարյանին ու Ոսկանյանին: Նրանք որոշել են, որ այլեւս սպասել չի կարելի, ուստի կանգնեցրել ու ձերբակալել են զույգին: Դամարյանի մոտ առկա է եղել պայուսակ, որում գտնվել են զոհի ստորագրությամբ փաստաթղթեր, զոհի տվյալներով կեղծ վարորդական իրավունք:
Ինչպես հաղորդում են, զոհը գումարի անհետացումը նկատել է այն ժամանակ, երբ ցանկացել է վճարել տան դիմաց, որն իր կնոջ հետ ցանկացել է գնել: Ավելի ուշ նա իմացել է, որ Դամարյանը փոխել է բանկային հաշվին կցած հեռախոսահամարն ու էլեկտրոնային փոստի հասցեն:
Դամարյանը անցյալ շաբաթ գրավի դիմաց ազատ է արձակվել, նրանից պահանջել են հանձնել անձնագիրը: Նա եւ Ոսկանյանը հոկտեմբերի 17-ին պետք է ներկայանան դատարան: Եթե նրանց բանկային խարդախության մեջ մեղավոր ճանաչեն, իրենց առավելագույնը սպառնում է 30 տարվա ազատազրկում եւ 1 մլն դոլարի չափով տույժ:




























