ՄԱԿ Անվտանգության Խորհրդի հինգ մշտական անդամների հանդիպումը Սիրիայում տիրող իրադրության վերաբերյալ ավարտվել է առանց հստակ որոշման ընդունման, հաղորդում է Ֆրանս Պրեսը:
«Հնգյակի» հանդիպումը (Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եւ Ֆրանսիա), որը, ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ, տեւել է ընդամենը 45 րոպե: Լքելով նիստերի դահլիճը՝ ՄԱԿ-ի «հնգյակի» անդամ երկրների դեսպանները խուսափել են մեկնաբանություններից, նշում է գործակալությունը:
Հանդիպման թեման Մեծ Բրիտանիայի կողմից բանաձեւի նախագծի առաջարկն էր, որը նախատեսում էր ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցառումները Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար, այդ թվում սիրիական իշխանությունների դեմ ուժի կիրառման հնարավորությամբ: Նախօրեին «հնգյակի» դեսպանները արդեն քննարկել էին տվյալ նախաձեռնությունը եւ դարձյալ համաձայնեցված որոշման չէին հանգել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օգոստոսի 21-ին Սիրիայում տիրող իրավիճակը հասավ «ծայրահեղ գագաթնակետի», երբ տեղեկություն ստացվեց կառավարական ուժերի կողմից Դամասկոսում գրոհայինների դեմ գործողության ընթացքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Ընդդիմությունը հայտնեց 1300 մարդու մահվան եւ հազարավոր վիրավորների մասին: Արեւմտյան պետությունները, այդ թվում նաեւ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, օգտվեցին այս չճշտված տեղեկատվությունից եւ բացահայտ հայտարարեցին սիրիական կոնֆլիկտին հնարավոր ռազմական միջամտության մասին՝ շրջանցելով ՄԱԿ-ը:





























