«Տրոյական ձիու մսի» սկանդալը, որը հայտնաբերվել էր բազմաթիվ մսային ուտեստներում` համբուրգերներից մինչեւ  IKEA-ի մսեղեն ուտեստներ, քննիչներին դուրս է բերել առեւտրային մի ցանցի հետքի վրա, որը զբաղվում է ձիու մսի ապօրինի վաճառքով: Բրիտանական ոստիկանությունն արդեն ձերբակալել է  երկու կասկածյալի, հայտնում է Sky News-ը: Այլ մսերին ձիու միս խառնողների որոնումներին են միացել Ֆրանսիան, Բելգիան եւ Բրիտանիան: 

Ֆրանսիացի քննիչները պարզել են, որ «բելգիական մաֆիոզ խմբավորման» խաբեբաները կարողացել են շրջանցել Ֆրանսիայում գործող օրենքները:  Հանցագործները Ֆրանսիայի ձիասպորտի կենտրոններից էժան գներով ձիեր են ձեռք բերել, բացատրելով, որ պատրաստվում են նրանց ազատության մեջ պահել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Բելգիայի լրատվամիջոցները: 

Սակայն իրականում ձիերին տեղափոխել են Բելգիա, որտեղ կեղծել են սանիտարական գրքույկները, իսկ այնուհետեւ ձիերին վերադարձրել են Ֆրանսիա եւ ուղարկել սպանդանոց: Ընդ որում, միսը վաճառվել է որպես ձիու միս: Սկանդալի էությունն այն է, որ ձիարշավարանների ձիերի երեք քառորդն ստանում են դեղորայքային բուժում, այդ պատճառով էլ արգելվում է նրանց միսն օգտագործել սննդի մեջ:

Եվրոպայում «Մսային սկանդալը» բռնկվել էր հունվարին, երբ Մեծ Բրիտանիայի  Tesco սուպերմարկետների ցանցում պլանային ստուգումների ժամանակ հայտնաբերվել էր ձիու ԴՆԹ:  Արդյունքում ձիու միս էին հայտնաբերել արագ պատրաստման սննդի մեջ, եւ մանրածախ առեւտրի խոշոր ցանցերն անմիջապես  սկսել էին  վաճառքից հանել կասկածելի արտադրանքները: