Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է Եվրամիություն կամ Մաքսային միություն մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին:

«Թե երբ կլինի այդ հանրաքվեն, չգիտենք: Երբ որոշում կայացվի ԵՄ կամ Մաքսային միություն մտնելու մասին, մենք չենք կարող առանց հանրաքվեի դա անել», - ասել է Յանուկովիչը ուկրաինական հեռուստաալիքների հետ հարցազրույցում, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

«Մենք կարող ենք ստանալ Եվրասիական միության գործընկերոջ կարգավիճակ: Դա չի հակասում ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը», - ասել է նա: Յանուկովիչը նաեւ նշել է, որ Ուկրաինայում  խառը ժամանակներ են: «Մենք չենք հասկանում՝ ինչ է լինելու: Դա շատ լավ է, որ մեզ ցանկանում են տեսնել եւ այնտեղ, եւ այնտեղ: Եթե մեզ փայտով քշեին, վատ կլիներ: Մենք դրան վերաբերվում ենք որպես մեզ հաջողության տանող գործընթացի», - հավելել է նա:

Ընդ որում, Յանուկովիչը հասկացրել է, որ վճռորոշ չի համարում ՄՄ մուտք գործելու դեպքում Ուկրաինայի համար էժան գազի մասին Մոսկվայի փաստարկը, քանի որ Կիեւն արդեն պայմանավորվել է եվրոպական երկրներից ավելի ցածր գներով վառելիք գնելու շուրջ:

«Ռուսաստանում պաշտոնյաները հասկանում են, որ Ուկրաինայի հետ գազի պայմանագիրն անարդար է: Մենք երբեք չենք համաձայնի, որ այդ պայմանագիրը շարունակի գոյություն ունենալ… Մենք այժմ այլ աղբյուրներից գազը ստանում ենք  70-80 դոլար ավելի էժան, քան՝ ռուսականը: Եվրոպայից: Եվ մենք հետագայում էլ ենք այդ ուղով ընթանալու», – նշել է Ուկրաինայի նախագահը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ծավալած առեւտրային պատերազմին, Յանուկովիչն այն այսպես է մեկնաբանել.  «Հարեւանները տաքացան»: Այնուամենայնիվ,  «պատերազմ» բառն Ուկրաինայի նախագահը նախընտրում է չգործածել, նշում է  ТСН-ը: