Ֆրանսիան կարող է մասնակցել Սիրիայում ռազմական գործողությանը, թեեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ հակամարտությանը չմասնակցելու վերաբերյալ վճռին: Այս մասին օգոստոսի 30-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է Reuters-ը:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները կարող են Սիրիայի վրա հարձակվել մինչեւ սեպտեմբերի 4-ը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ սեպտեմբերի 4-ին տեղի կունենա Ֆրանսիայի խորհրդարանի նիստ, որի ընթացքում կքննարկվի սիրիական հակամարտությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի գիշերը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել էր վարչապետ Դեյվիդ Քեմերոնի առաջարկը՝ Սիրիայում բրիտանական բանակի ռազմական գործողությանը հնարավոր մասնակցության մասին:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Սիրիայում ռազմական միջամտություն կատարելը

Իր հերթին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտնել էր, որ ամերիկյան զինվորները Սիրիայում գործողություն կսկսեն միայն միջազգային դաշինքի կազմում: