Դիվանագիտական առաքելութան ավարտի կապակցությամբ օգոստոսի 29-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանին ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեցին հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները եւ երկկողմ համագործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միաժամանակ, կարեւորվեց երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը՝ դրանք քաղաքական համագործակցության մակարդակին հասցնելու համար:

Շնորհակալություն հայտնելով դեսպան Ղազարյանին Ղազախստանում կատարած աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝  նախարար Իդրիսովը մաղթել է նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում Ղազախստանի կառավարության կողմից ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար եւ համոզմունք հայտնեց, որ հայ-ղազախական հարաբերությունները կունենան շարունակական զարգացում եւ խորացում: