«Ծածկած շուկայի» մոտ մեկնարկել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ակցիան։ Ակցիայի մասնակիցներից առաջ «Ծածկած շուկայի» տարածք են եկել շուկայի նախկին աշխատողները՝ մոտ 20 մարդ։
Նրանք հայտարարել են, որ մի քանի օր առաջ հանդիպել են Սամվել Ալեքսանյանի հետ, որը նրանց խոստացել է վերակառուցված շուկայում իրենց անվճար տեղեր հատկացնել ու աջակցել ամեն հարցում։
Շուկայի նախկին աշխատողները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ այսօր առավոտյան Սամվելի Ալեքսանյանի թույլտվությամբ մտել են շուկա։ Նրանք եղել են միայն առաջին հարկում, որտեղ նրանց պատմելով լինելու է գյուղմթերքի շուկա։ Սամվել Ալեքսանյանը խոստացել է վաճառողներին տրամադրել անվճար սեղանիկներ, պահեստներ եւ կշեռքներ ու մեքենաներ՝ ապրանքը տեղափոխելու համար։
Նախկին աշխատակիցներն ասել են, որ գոհ են այս պայմաններից։ Փակ շուկայի վերակառուցումից գոհ են նաեւ շուկայի հետեւի սեփական տների բնակիչները, որոնց Սամվել Ալեքսանյանը խոստացել է ասֆալտապատել շուկայի ամբողջ հարակից տարածքը։
Շուկայի տարածքում այս պահին ոստիկանական մեկ մեքենա է կանգնած։
Հիշեցնենք, որ հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 14.00- ից, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» սկսում է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական եւ տնտեսական գործունեության կասեցման գործողությունը:





























