Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՄՆ-ին Սիրիան հարվածելուց առաջ «ինչպես հարկն է մտածել»: Նա կարծում է, որ նախ եւ առաջ ԱՄՆ-ը պետք է հիշի աշխարհի տարբեր տարածաշրջաններում իր գործողությունների մասին, որոնք խնդիրներ չեն լուծել:

«Մենք պետք է հիշենք, ինչ է տեղի ունեցել վերջին տասնամյակների ընթացքում, քանի անգամ են Միացյալ Նահանգները աշխարհի տարբեր շրջաններում ռազմական բախումների նախաձեռնողներ եղել: Արդյո՞ք դրանցից որեւէ մեկը խնդիր լուծել է. Իրան, Իրաք (…) Չկա խաղաղություն, չկա ժողովրդավարություն այնտեղ, ինչին իբր ձգտել են մեր գործընկերները, չկա տարրական քաղաքացիական խաղաղություն ու հավասարություն»,- Վլադիվոստոսկում լրագրողներին հայտնել է Պուտինը:

Ընդ որում Ռուսաստանի նախագահը նշել է, որ բրիտանական խորհրդարանի որոշումը, որը հավանություն չի տվել կառավարության՝ Սիրիայում ռազմական գործողության իրականացման ծրագրերին, իր համար միանգամայն անակնկալ էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինձ համար դա շատ անսպասելի էր (…) Մենք վերջին ժամանակներում սովորել ենք, որ արեւմտյան հասարակության մեջ ընդունված է որոշումներ կայացնել առանց որեւէ քննարկման»,- ասել է Պուտինը: «Եթե հիմա ինչ-որ խախտում է տեղի ունեցել, ապա ինձ համար անսպասելի է, ավելին, այդ դիրքորոշումն ինձ զարմացրել է»,- հավելել է նախագահը: Նրա կարծիքով, սա խոսում է այն մասին, որ անգամ Մեծ Բրիտանիայում, որն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գլխավոր դաշնակիցն է, «կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են ազգային շահերով, առողջ դատողությամբ, գնահատում են ինքնիշխանությունը»:

Պուտինը նշել է, որ հույս ունի Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ  G20-ի գագաթնաժողովի շրջանակներում զրուցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: