Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելուց հետո Վլադիմիր Պուտինը ոչ միայն ստիպված էր հսկայական զեղչերով Հնդկաստանին ու Չինաստանին վաճառել եվրոպական շուկայից դուրս մնացած նավթը, այլև ակամայից նպաստեց, որ նույն Հնդկաստանը խոշոր գումարներ աշխատի Եվրոպային մատակարարած զինամթերքի հաշվին։ Եվրոպան սկզբում հազիվ էր կարողանում զինամթերք հայթայթել Ուկրաինայի համար, իսկ հետո նաև ինքն անցավ ակտիվ վերազինման:

Ռուսական ներխուժման մեկնարկից ի վեր հնդկական արտադրողները Եվրոպա են արտահանել առնվազն 872 մլն դոլարի զինամթերք՝ ներառյալ հրետանային արկեր, ականանետի ականներ, հրթիռային վառելիք և պայթուցիկ նյութեր: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հիմնվելով Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալների վրա (որոնք ստացվել են Trade Data Monitor-ի միջոցով)։ Համեմատության համար՝ պատերազմին նախորդած չորս տարիներին նման արտահանման ծավալն ընդամենը 49,2 մլն դոլար էր. այսինքն՝ մատակարարումներն աճել են գրեթե 18 (17,7) անգամ։

Եվրոպական երկրներին զինամթերքն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր: 2022-ին նրանք որոշել էին մինչև 2023 թվականի մարտը 1 միլիոն հրետանային արկ արտադրել Ուկրաինայի համար, սակայն արտադրական հզորությունների սղության պատճառով այդ ծրագիրն իրագործեցին միայն տարեվերջին մոտ։ Ուկրաինան հրետանու հզորությամբ 3-5 անգամ զիջում էր Ռուսաստանին, իսկ ճակատի առանձին հատվածներում և ծանր փուլերում այդ տարբերությունը տասնապատկվում էր։ Նման պայմաններում հնդկական արկերը եվրոպացիների համար իսկական փրկություն դարձան։ «Պատերազմ սկսելով՝ Ռուսաստանը շուկայում մեծ պահանջարկ ստեղծեց, որին էլ անմիջապես արձագանքեցին հնդկական պաշտպանական ընկերությունները»,- նշում է Լոնդոնի Թագավորական քոլեջի՝ Հարավային Ասիայի պաշտպանական քաղաքականության հարցերով փորձագետ Ուոլթեր Լեդվիգը:

«Ֆինանսական տեսանկյունից սա բավականին շահավետ գործարք է»,- հավելում է նա։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին փորձում է աջակցել տեղական արտադրողներին, որպեսզի թուլացնի երկրի կախվածությունը ներկրվող զենքից, մասնավորապես՝ ռուսականից, քանի որ դեռ խորհրդային տարիներից հենց Մոսկվան է եղել Դելիի գլխավոր մատակարարը։

Հնդկաստանից արտահանված զինամթերքի երեք քառորդն ուղարկվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 13 երկրներ։ Դրանք գտնվում են ՆԱՏՕ-ի արևելյան թևում և պատերազմի առաջին տարիներին Ուկրաինայի հիմնական զինամատակարարներն էին։ Այդ ցանկում են Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան ու Ալբանիան։ Այս պետությունների կողմից զինամթերքի ներկրման ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 10 անգամ, մինչդեռ Եվրոպայի մնացած հատվածներում աճը եղել է ընդամենը կրկնակի։

Անգամ եթե հնդկական զինամթերքն ուղղակիորեն չէր առաքվում Ուկրաինա (երկկողմ պայմանագրերով սովորաբար հստակեցվում է զենքի կիրառման նպատակը), եվրոպական երկրները կարող էին այն պահել իրենց զինանոցներում՝ դրա դիմաց Կիևին տրամադրելով սեփական հին պաշարները։ Ճիշտ նույն սխեմայով էր գործում նաև ԱՄՆ-ը՝ զինամթերք գնելով Հարավային Կորեայից։

Արդյունքում, ըստ Trade Data Monitor-ի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպային զինամթերք ու դրա բաղադրիչներ մատակարարող երկրների ցանկում Հնդկաստանն այժմ երկրորդն է՝ զիջելով միայն Հարավային Կորեային, այնինչ չորս տարի առաջ զբաղեցնում էր ընդամենը 28-րդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է պայթուցիկ նյութերին, ապա 2026 ֆինանսական տարում (2025 թ. ապրիլից 2026 թ. մարտ) Հնդկաստանն առաջատարն է եղել՝ մատակարարելով 45 մլն դոլարի արտադրանք։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածում 35 մլն դոլար էր, իսկ մինչև 2023 ֆինանսական տարին Հնդկաստանն առհասարակ նմանատիպ ապրանքներ չէր վաճառում այս երկրներին։