Սանկտ Պետերբուրգի կայազորային ռազմական դատարանը խիստ ռեժիմի գաղութում 21 տարվա ազատազրկման է դատապարտել Կոնստանտին Ֆրոլովին։ Նա «Ռոսկոսմոսի»՝ սպառազինության պետական ծրագրի գծով նախկին փոխգլխավոր տնօրեն, սարքավորումների գնման գործընթացում միջոցներ յուրացնելու մեջ մեղադրվող Օլեգ Ֆրոլովի որդին է։ ՌԴ ԶՈՒ 83-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի հատուկ գործողությունների խմբի նախկին պետ Կոնստանտին Ֆրոլովին մեղավոր են ճանաչել զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության, կաշառակերության ու դիտավորյալ հրազենային ինքնավնասումների միջոցով արված մեքենայությունների մեջ, ինչպես նաև զրկել են փոխգնդապետի կոչումից, գրում է «Կոմերսանտ»-ը: Ինչպես պարզել է դատարանը, Ֆրոլովը («Դահիճ» մարտական անվամբ) հատուկ ռազմական գործողության գոտում ավելի քան 30 հանցակիցներից բաղկացած հանցախումբ է ստեղծել՝ գումարներ յուրացնելու նպատակով։
«Դահիճի» ծրագիրը պետական պարգևներ և վճարումներ կորզելու նպատակով մարտական սխրանքներ բեմադրելն էր։ Այդ նպատակով խմբի անդամները բեմադրված տեսանյութեր էին նկարահանում։ Օրինակ՝ 2023 թվականի դեկտեմբերին հանցախմբի անդամները ստեղծել էին ռազմաճակատում տեխնիկայի շարասյան իբր պայթեցման մասին հոլովակ, իսկ 2024-ի հունվարին՝ տեսանյութ, որում պատկերված էր Ուկրաինայի ԶՈՒ անօդաչուների հարձակումն իրենց խմբի վրա։ Ըստ քննության տվյալների՝ որոշ դեպքերում հանցախմբի անդամներն իրենց մարմնի տարբեր մասերում զինամթերքի նախապես պատրաստված բեկորներ են «պատվաստել» և կեղծել վերքերի հետքերը։ Ընդ որում, երբեմն դրան մասնակցել են նաև բժիշկներ։ Քննիչները պարզել են նաև, որ զինվորականները փոխհատուցում ստանալու համար կրակել են միմյանց վրա ու վիրավորումներ ստացել։ Որոշ կեղծ հոլովակներ հայտնվել են դաշնային հեռուստաալիքների եթերում և գովերգել գոյություն չունեցող սխրանքները։
Օրինակ՝ հեռուստատեսությամբ ցուցադրված սյուժեներից մեկը նվիրված է եղել «դիպուկահարների եզակի խմբին», որը ղեկավարում էր «Դահիճ» մարտական անվամբ հրամանատարը։ Դրանում պատմվում էր, որ յոթերորդ վիրավորումից հետո սպան «սպայական պատվի թելադրանքով» հրաժարվել է վերականգնողական բուժումից և վերադարձել ռազմաճակատ։
Ընդ որում, ինքը՝ Ֆրոլովը, իրական վիրավորում է ստացել, երբ զորավարժարանում փորձել է բեմադրված տեսանյութ նկարահանել, որտեղ իբր նռնակ է նետում բլինդաժի մեջ։ Արդյունքում նռնակն անդրադարձել է պատից՝ ընկնելով «Դահիճի» ոտքերի տակ և պայթել՝ նրան հասցնելով «իրական մարմնական վնասվածքներ»։ Բացի այդ, ըստ գործի նյութերի, 2023 թվականի սեպտեմբերին մոտ կես մետր հեռավորությունից խլացուցիչով АК-12 ինքնաձիգից կրակել են զինվորականի նախաբազկին, սակայն վնասվածքը «լուրջ չի եղել»։
Նախաքննությունը նաև պարզել է, որ Ֆրոլովը ստեղծել է նոր նմուշի անօդաչու թռչող սարքերի փորձարկման ֆիկտիվ խումբ՝ «Սատուրն-տուման ՎՊ» և «Բիզոն ՎՊ» հորինված անվանումներով։ Նաև չարագործները ձեռք են բերել ռազմավարային հրազեն ու պայթուցիկ նյութեր, որոնց մի մասը որպես նվեր փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնյաների, նշված է գործում։ Ինքը՝ Ֆրոլովը, հայտարարել է, որ որոշ իրեր, ի թիվս այլ վայրերի, հանձնվել են նաև «Պատրիոտ» ռազմահայրենասիրական զբոսայգուն։
Դատարանի վճռով «Դահիճը» զրկվել է Արիության չորս շքանշաններից, «Խիզախության համար» մեդալից և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի մեդալից։ Ինքը՝ դատապարտյալը, քրեական գործը կապում էր հոր դեմ առաջադրված մեղադրանքների հետ։





























