Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից մեկնարկած «Ավելի մաքուր Երեւան» խորագրով ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի հանգստի մի շարք կանաչապատ գոտիներն ու քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու նպատակով, իրականացվեցին սանմաքրման աշխատանքներ, որին մասնակցել է ավելի քան 10 հազար կամավոր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն, որտեղ կազմակերպվեցին մաքրման աշխատանքներ, Արաբկիր վարչական շրջանի «Արաբկիր» եւ Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգիներն էին: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին միացել էր շուրջ 200 կամավոր:
Ինչպես Արաբկիրում, այնպես էլ նախորդ վայրերում մաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել քաղաքապետարանի ենթակայության կառույցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունները, վետերանները, պետական մի շարք կառույցներ, դիվանագետներ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ:
Իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ նա, մասնավորապես, նշել է. «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի հիմնական նպատակն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ զբոսայգիները, պուրակներն ու անտառպուրակային գոտիները մաքուր եւ բարեկարգ վիճակում պահել է: Մեր հորդորն ու խնդրանքն է բնակիչներին, որ ինչպես կամովին մասնակցում են այս ծրագրին եւ դառնում մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու քաղաքապետի կոչին գործընկեր, նույն հոգատարությամբ էլ մաքուր պահեն այս տարածքները»,-նշել է Կամո Արեյանն ու մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր մայրաքաղաքի նկատմամբ իրենց սրտացավ վերաբերմունքը գործով են արտահայտում:
Ծրագրի ամբողջ ընթացքում քաղաքապետարանը հոգացել է մասնակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովումը: Որոշ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, աշխատանքներին ներգրավվել են աղբատար, ջրցան եւ մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ:
Հիշեցնենք, որ «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի առաջին փուլում մաքրվել եւ պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, «Հաղթանակ զբոսայգու», «Կարմիր բլուր» հնավայրի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, «Փարոս» անտառպուրակի, Ծիծեռնակաբերդի, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու, «Եռաբլուր» պանթեոնի հարակից եւ Արաբկիր վարչական շրջանի 2 զբոսայգիների տարածքները:




























