Սեպտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, նշվում է իբրեւ Գիտելիքի միջազգային օր: Այս տարի Հայաստանի 1462 դպրոցներ իրենց դռները կբացեն դպրոցականների առաջ: Այս մասին NEWS.am-ին թղթակցին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Կանխատեսումների համաձայն`  2013-2014 ուսումնական տարում, ըստ ծնելիության սանդղակի, դպրոց կհաճախի մոտ 39 հազար երեխա: Առաջին դասարանցիների հստակ թիվը պարզ կլինի սեպտեմբերի կեսերին: Ի դեպ, 2011-2012 եւ 2012-2013 ուստարում դպրոց է հաճախել 37 հազար առաջին դասարանցի, իսկ 2010-2011 ուստարում՝ 35 հազար 948:

Նշենք, որ նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: Իսկ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայեցողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ: