Ամերիկյան Քոնեքթիքութ նահանգի Նյու-Բրիտեն քաղաքի երկու հայկական եկեղեցիները սեպտեմբերի 22-ին կընդունեն փաստաբան Մեթյու Քարանյանին, ով կներկայացնի սլայդ-ցուցադրություն եւ կպատմի իր վերջին «Հայաստան եւ Ղարաբաղ. քարե այգու ուղեցույց» գրքի մասին: Այդ մասին է գրում «The Armenian Weekly»-ն:

Միջոցառման ժամանակ Քարանյանը կպատմի, թե ինչպես ինքն ու իր համահեղինակ Ռոբերտ Քուրջյանը ավելի քան 10 տարի առաջ ստեղծեցին Հայաստանի մասին ուղեցույցը եւ թե ինչպես են կատարելագործել իրենց աշխատանքը: Գիրքը երեք հրատարակություն է անցել: Վերջին հրատարակությունը թողարկվել է այս տարվա սկզբին:

Քարանյանի խոսքով գիրքը ստեղծվել է այն նպատակով, որ Հայաստանը ցույց տան ոչ միայն հայերին, այլ նաեւ ոչ հայերին, որոնք հնարավոր է ոչինչ չգիտեն երկրի մասին կամ վախենում են ճանապարհորդել նման հեռավոր  ու օտար մի երկրում: «Հայաստանի գեղեցկությունը չի դադարում զարմացնել ինձ: Ես ուզում եմ անել ամենն, ինչ իմ ուժերի սահմաններում է, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց հետ կիսեմ այն»,- խոստովանել է հեղինակը: