Կրթությունը, գիտելիքը մեր ժողովրդի արժեհամակարգի հիմքն են: Այս մասին ասված է Հայաստանյի վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձում՝ Գիտելիքի օրվա առթիվ:

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ եւ ծնողներ,

Հայաստանի կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ: Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը: Լավ կրթություն, հարուստ գիտելիքներ ունեցողի համար մեր երկրում աստիճանաբար ստեղծվում են անհրաժեշտ հնարավորություններ, որպեսզի վերջինս իր ապագան կերտի Հայրենիքում: 21-րդ դարում պետություններն իրար հետ առաջին հերթին մրցում են գիտելիքահեն հասարակություններով:

Մենք կարող ենք եւ պարտավոր ենք մեր արժանապատիվ տեղը զբաղեցնել աշխարհի այդ երկրների շարքում: Այդ ճանապարհին հսկայական է ձեր դերակատարությունը` սիրելի մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ եւ ուսանողներ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք»,-ասված է վարչապետի ուղերձում: