Կյանքի է կոչվում Զմմառի միաբանության եւ Մաշտոցի անվան Մատենադարանի միջեւ կնքված համագործակցության համաձայնագիրը. թվայնացվելու եւ տպագրվելու են միաբանության արժեքավոր հնատիպ գրքերն ու ձեռագրերը: Այս մասին օգոստոսի 31-ին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայ Կաթողիկե Պատրիարքության Բեյրութի թեմի ընդհանուր փոխանորդ եւ Զմմառի վանքի մեծավոր, ծայրագույն վարդապետ Գաբրիել Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի թեմի առաջնորդ հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը եւ Հայ Կաթողիկե Զմմառի վանքի վաստակավոր միաբան հրապարակագիր, բառարանագետ, գրաբարագետ, խմբագիր Անդրանիկ վարդապետ Կռանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերի հիմնախնդիրները եւ համատեղ իրականացվող ծրագրերը: Հյուրերը ներկայացրել են Հայ Կաթողիկե եկեղեցու կողմից ցուցաբերված մեծածավալ օգնությունը եւ ՀՀ սփյուռքի նախարարության  դերակատարությունը նշված աշխատանքները համակարգելու ուղղությամբ:

Գաբրիել Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Սփյուռքի նախարարին՝ նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով 7 մասնագետի՝ Զմմառ գործուղելու համար:

Նախարարը կարեւորել է Հայ Կաթողիկե Եկեղեցու դերը սիրիահայերին համակողմանի աջակցություն ցուցաբերելու, մասնավորապես եկեղեցու հյուրատանը մի քանի տասնյակ սիրիահայ ընտանիքների օթեւան տալու, ինչպես նաեւ Զմմառի դպրատանն առկա գրքերին ու ձեռագրերին երկրորդ կյանք պարգեւելու գործում: