Ադրբեջանի կառավարությունը նպատակուղղված կերպով սահմանափակում է այլակարծությունը: Այդ քաղաքականության նպատակն է նվազագույնի հասցնել ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, սահմանափակել իշխանության քննադատությունը եւ հնարավորություն տալ կառավարությանն ավելի մեծ վերահսկողություն սահմանել ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ: Հոկտեմբերի 9-ին նշանակված նախագահական ընտրությունների նախաշեմին խոսքի ազատության եւ հանրահավաքներ անցկացնելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունները ավելի լայն տարածում են ստացել: Այս մասին ասվում է «Մանեկների պրկում. Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ այլակարծության ճնշում» անվանումը կրող 100 էջանոց զեկույցում, որը սեպտեմբերի 2-ին հրապարակել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ երկրում վերջին 1.5 տարվա ընթացքում խիստ վատացել ազատորեն խոսք արտահայտելու իրավունքը: Իշխանությունները կեղծ մեղադրանքների հիման վրա ձերբակալել են տասնյակ քաղաքական ակտիվիստների, բանտարկել են քննադատական մոտեցում ցուցաբերող լրագրողներ, ցրել են խաղաղ հավաքները:

Կառավարությունը պետք է ազատ արձակի բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով մեղադրանքների հետեւանքով, այդ թվում՝ քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, իրավապաշտպաններին եւ այլ քաղաքական ակտիվիստներին: Պետք է վերջ դնել կեղծ մեղադրանքների շնորհիվ իշխանությունների ընդդիմախոսներին ձերբակալելուն, նշում է HRW-ն:

Միջազգային իրավունքի շրջանակներում Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ իրավական պարտականություններ ունի:

Կառավարությունը պետք է վերջ դնի բռնության անպատժելիությանը, թույլ տա խաղաղ հավաքներ անցկացնել, չեղյալ համարի օրենսդրության այնպիսի փոփոխությունները, որոնք չարտոնված ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ են խստացնում, կարծում է HRW-ն:

Ադրբեջանի միջազգային գործընկերները բազմիցս քննադատել են ադրբեջանական կառավարության գործունեության լուրջ թերությունները, որոնք կապված են մարդու իրավունքները չհարգելու եւ միջազգային պարտավորությունները չկատարելու հետ: Սակայն դա որեւէ կերպ չի անդրադարձել Բաքվի հետ նրանց հարաբերությունների վրա: Հնարավոր է, որ դա կապված է երկրի աշխարհաքաղաքական կարեւորության եւ ածխաջրածնային ռեսուրսների հետ, նշվում է զեկույցում: