Քաղաքաշինության նախարարությունն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, շահագործման է հանձնում Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 եւ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի դպրոցները, իսկ նախորդ օրը հանդիսավորությամբ բացվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով Տեղ գյուղի բնակչությանը` ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում:
Իր հեթին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշել է, որ դպրոցաշինության խնդիրը գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում եւ քաղաքաշինության նախարարությունը ելնելով խնդրի կարեւորությունից` նախ գնահատում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա ըստ անհրաժեշտության կատարում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո նոր իրականացվում է նորոգման աշխատանքներ:
«Այսօր շահագործման է հանձնվում Տեղ գյուղի նորակառույց դպրոցը, որի ընդհանուր մակերեսն ավելի քան 2200.0 քմ է, դպրոցը նախատեսված է 250 աշակերտի համար: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին եւ արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական եւ ջրամատակարարմամբ, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով, արտաքին գազի եւ էլեկտրական մատակարարման համակարգերով եւ առանձին կաթսայատնով: Ամբողջությամբ բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: Դպրոցն ապահովվել է անհրաժեշտ աշակերտական եւ ուսուցչական գույքով»,-տեղեկացրել է քաղաքաշինության նախարարը:
2009-2013 թթ. դպրոցի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 480.0 մլն դրամ գումար: Շինարարական աշխատանքները սկսվել են 2009 թվականին, մասնագիտական եզրակացության արդյունքում պարզվել է, որ շենքը պիտանի չէ հետագա շահագործման, կառույցը գտնվել է վթարավտանգ վիճակում, ենթակա` կազմաքանդման, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր շենքի կառուցման:
Այսօր շահագործման հանձնվող 450 աշակերտական տեղով Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2011 թվականին: 2011-2013 թթ. դպրոցի հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 500.0 մլն դրամ գումար։ Սիփանիկ գյուղի նորակառույց դպրոցը` նախատեսված է 150 աշակերտի համար: Դպրոցի ընդհանուր մակերեսը շուրջ 2200.0 քմ է: 2009-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 480.0 մլն դրամ գումար:




























