Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի` Պավել Բալայանի աշխատասենյակում անհայտ ծագմամբ նյութի հայտնաբերման դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:
Մեր տեղեկություններով` դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքից ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին: Դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ ՔՕ-ի 256-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը, եթե դա առաջացրել է դրանց հափշտակում կամ պատճառել է այլ էական վնաս (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:
Մեր տեղեկություններով` նշանակված են դատաքիմիական եւ մատնադրոշմային փորձաքննություններ: Նախնական վարկածով` Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի կաբինետում հայտնաբերվածը սնդիկ է` արծաթագույն գնդիկավոր հեղուկ զանգված, թեեւ սա ցույց կտա դատաքիմիական փորձաքննությունը: Մատնադրոշմային փորձաքննության ընթացքում էլ կհամեմատվեն դեկանի աշխատասենյակի դռնի վրայից վերցված մատնահետքերը, որպեսզի պարզեն, թե ով է նետել նյութը նրա կաբինետ: Տարածքում տեսախցիկներ չկան, ինչը դժվարացնում է թունավոր նյութը նետող անձի բացահայտումը, դեկանի աշխատասենյակի ելումուտը տեսախցիկի դաշտից դուրս է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի` Պավել Բալայանի աշխատասենյակում անհայտ ծագմամբ նյութ է հայտնաբերվել: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատել էր Պավել Բալայանը` նշելով, որ դեռ հայտնի չէ, թե ինչ նյութ է, միգուցե ինչ-որ փոշի է: «Ով զբաղվում է, նրանց հարցրեք, այդ թեմայով ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»,- ասել էր դեկանը` հավելելով, որ դիմել է իրավապահ մարմիններին, նրանք զբաղվում են: Պավել Բալայանը ոչ մի այլ հարցի չէր պատասխանել եւ պարզապես անջատել էր հեռախոսը:





























