Ջավախքի Չելա գյուղում մինարեի ապամոնտաժումը ոչ մի ընդհանուր բան չունի կրոնական անհանդուրժողականության հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ սեպտեմբերի 2-ին Վրաստանի դեսպանների հետ հանդիպման ընթացքում:

Նա հայտարարել է, որ կրոնական զգացմունքների հանդեպ հարգանքը ոչ միայն ազգային ավանդույթ է, այլեւ Վրաստանի Սահմանադրության հիմնարար սկզբունքներից մեկը: Իվանիշվիլիի խոսքով՝ մինարեի շինարարությունն ապօրինի կերպով է իրականացվել, ուստի իշխանությունները չէին կարող աչք փակել այդ անօրինականության վրա: Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը ոչ իրավահավասար ուժ է կիրառել, ապա դրան համարժեք պատասխան կհետեւի: Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 26-ին Չելա գյուղում  իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու՝ տեղական մզկիթի մինարեն ապամոնտաժելու ընթացքում ոստիկանությանը ֆիզիկական դիմադրություն ցուցաբերելու համար:

NEWS.am-ին տված մեկնաբանությունում «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը ընդգծել է, որ Չելա գյուղի միջադեպը ազգային փոքրամասնությունների կարծիքի հանդեպ անարգանքի արդյունք է: