«Փակ Շուկա» հուշարձանի ավերման գլխավոր մեղավորը ԲՀԿ-ն է, որի խմբակցությունը Երեւանի ավագանիում իր «ընդդիմադիր» անգործությամբ շարունակում է սրբագրել ՀՀԿ-ական ավերածությունները մայրաքաղաքում: Նման բովանդակությամբ համատեղ հայտարարություն են տարածել ՀԱԿ քաղխորհուրդը եւ «ՄԻ-96» կուսակցության վարչությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ավելին, դեռեւս 2012թ.-ի հունիսին, «ՀԱԿ» խմբակցության «Փակ շուկայի ճակատագրի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու մասին» նախաձեռնության առաջին տապալողը հենց ԲՀԿ-ն է եղել:
Թերեւս, պատահական չէ նաեւ, որ այդ կուսակցությանը տեղից չի շարժում անգամ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ականները «Փակ շուկա»-ի խնդիրն օգտագործում են քաղաքացիական ընդհարումներ հրահրելու համար: Հավանաբար, չեն էլ հասկանում անգամ իրենց պատասխանատվությունն այս գործընթացներում»:
Հայտարարության հեղինակները հույս են հայտնում, որ ԲՀԿ անդամ մտավորականները կգիտակցեն այս հարցում իրենց կուսակցության վարած քաղաքականության հետեւանքները եւ միջոցներ կձեռնարկի «Փակ շուկա» հուշարձանի իրական պաշտպանության ուղղությամբ»:





























