Մոսկվայի իշխանությունները ծրագրում են օրենքի շրջանակներում պարտավորեցնել ներգաղթյալներին բուժզննում անցնել աշխատանքի ձեւակերպվելիս: Այդ միջոցն անհրաժեշտ է, որպեսզի տարանջատեն այնպիսի ծանր հիվանդություններ ունեցողներին, ինչպիսիք են տուբերկուլյոզը կամ սիֆիլիսը, փոխանցում է «Կոմերսանտը»:

Ներկայումս գործում է նորմ, որը ներգաղթյալներին պարտավորեցնում է բժշկական տեղեկանք ներկայացնել՝ աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում, սակայն պրակտիկայում դա չի կիրառվում:

Առաջիկայում համապատասխան օրինագիծը Պետդումա կներկայացնեն Մոսկվայի իշխանությունները:

Դաշնային միգրացիոն ծառայության տեղեկություններով՝ 15,9 մլն ժամանողներից միգրացիոն հաշվառման մեջ է 6,5 մլն մարդ, 1,3 մլն մարդ աշխատանքի թույլտվություն է ստացել: Ներգաղթյալների մեծ մասը Ուզբեկստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից եւ Ադրբեջանից են: Ներգաղթյալների մեծ մասը գալիս են Մոսկվա կամ Մերձմոսկվա: