Ագարակում հակառակորդի դիպուկահար կրակից հրազենային վիրավորում ստացած Արթուր Գառնիկի Ասոյանի առողջական վիճակը նորմալ է, ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյան:

Նա նշեց, որ զինծառայողը դեռ 10-15 օր կմնա հիվանդանոցում: «Ժամանակ է պետք, որ ապաքինվի, ամեն ինչ պետք է անենք, որ ձեռքի ֆունկցիան պահպանվի, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե որոշ չափով, ժամանակը ցույց կտա` քանի տոկոսով կպահպանվի ձեռքի ֆունկցիան»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին, ժամը  11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնել է, թե ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերով /սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am