Կապված իմ մասնագիտական եւ հասարակական գործունեության հետ՝ ընթանում է քաղաքական հետապնդում, կա հստակ պատվեր ամեն ձեւով խոչընդոտել իմ հասարակական ե մասնագիտական գործունեությունը, դա միայն կարող է իրականացվել ռեժիմի կողմից։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Armenia Today կայքի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ իր դեմ կա երեք վարչական վարույթ եւ մեկ քրեական գործ։  Առաջին դրվագը օգոստոսի 1-ի միջադեպի հետ է կապված, երբ բռնի ուժ կիրառելով Արգիշտի Կիվիրյանին տարան ոստիկանության Կենտրոնի բաժին, այս դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել:

Երկրորդ դրվագը կապված է օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ում տեղի ունեցածի հետ, նորից բռնություններով, ծեծի ենթարկելով, նույնիսկ փորձ է արվել իրեն խեղդել: Այդպես Արգիշտի Կիվիրյանին հասցրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղից տարել են հիվանդանոց, եւ թեեւ առկա են նրան ծեծված վիճակում արված լուսանկարները, սակայն քրեական գործ հարուցվել է ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, թե իբր Արգիշտի Կիվիրյանն է նրան հայհոյել եւ հարվածներ հասցրել:

Armenia Today-ի գլխավոր խմբագիրն ասաց, որ երրորդ դրվագը կապված է սեպտեմբերի 4-ին Բաղրամյան փողոցից տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելու հետ, երբ ինքը որպես գլխավոր խմբագիր գնացել էր Արաբկիրի ոստիկանության բաժանմունք, որպեսզի հետեւի գործընթացներին: Այդտեղ Արգիշտի Կիվիրյանին էին մոտեցել մոտ յոթ-ութ քաղաքացիական հագուստով անձինք, խնդրել էին առանձին խոսել, սակայն ինքն ասել էր, որ նման ապօրինի գործողությունների չի ենթարկվում։

Կես ժամ անց ոստիկանների այդ խումբը նորից է  ներկայացել եւ 17.10-ին ներկայացրել ապօրինի ծանուցագիր, ժամը 17.00-ին ոստիկանական բաժանմունք ներկայանալու մասին:  Այնուհետեւ, յոթ-ութ հոգի, ոլորելով իր ձեռքերը, քարշ տալով նրան մտցրել են ոստիկանական բաժին: Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ ոստիկանական ռեժիմի դեպքում սա դեռ սկիզբն է, թե ինչեր դեռ կլինեն, կտեսնենք մոտ ժամանակներս:

Նա պատմեց, որ Արաբկիրի ոստիկանապետը սկսել է գոռգոռալ, թե մի վնասիր մեր գույքը, երբ ինքը իր համար կանգնած է եղել: «Չունեմ որեւէ երաշխիք, որ դուրս գալով տնից, քայլելով փողոցներով, ինձ որեւէ ոստիկան որեւէ ձեւ չի մոտենա եւ չի իրականացնի որեւէ բռնարարք եւ դրանից հետո չեն հայտարարի, որ ես եմ կազմակերպել  որեւէ բռնարարք»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ երեք վարչական վարույթներն էլ ակնհայտ կոպիտ խախտումներով են իրականացվել, այդ ընթացքում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն եւ ոչ մի քրեական գործ հարուցված չէ։ «Իշխանությունների կողմից ակնհայտ հետապնդում է  իրականացվում, հասկանալի է, որ քրեական գործ չի հարուցվելու, եթե հարուցվի էլ, որեւէ արդյունք չի լինելու»,- ասաց փաստաբանը հավելելով, որ հայաստանյան դատական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում կդիմեն Եվրոպական դատարան։ Նա տեղեկացրեց, որ ՀՔԾ-ի վարույթում գտնվող գործի շրջանակներում քննիչին արված իրենց բացարկը մերժվել է, Արգիշտի Կիվիրյանը ցուցմունքը գրավոր ուղարկվել է ՀՔԾ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am