Դատապարտյալների հիվանդանոցում մահացած  «բանդայի» գործով անցնող Արման Դալլաքյանից հետո հերթը  Քյարամ Ամոյանինն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, ով Եզդի Ճակոյի քույրն է:

«Հերթը Քյարամինն է: Սա մտածված քաղաքականություն է, «բանդայի» գործով անցնող տղաներից հերթով ազատվում են, քանի որ ապացույց չկա նրանց դեմ: Քյարամ Ամոյանը կալանքի տակ գտնվելով՝ արդեն 3-րդ ուղեղի ինսուլտն է  տանում, որը ազդել է նրա հոգեկանի վրա: Նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ, այնինչ դատարանը հրաժարվում է  նշանակել դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե Քյարամ Ամոյանին կարելի՞  է պահել կալանքի տակ, թե՝ ոչ»,- նշեց Քյարամ Ամոյանի մայրը եւ ավելացրեց, որ նույն կերպ վարվեցին նաեւ Արման Դալլաքյանի հետ, որը ունեցավ ծանր հետեւանքներ եւ նա մահացավ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել էր, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ  նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա: Իսկ ՀՀ քրեակատարողական վարչության  մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո շտապօգնություն են կանչել եւ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել էր, ճնշումը կտրուկ բարձրացել էր, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը պայթել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված էր ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, ձերբակալվել էր 16 անձ, որոնցից 11-ին ազատ էին արձակել: