Հայաստանը մեծապես կարեւորում է հավատարմագրման ինստիտուտի, ինչպես նաեւ բուհերում կրթության բարձրակարգ ստանդարտների ներդրումը: Այդ առումով, արդեն իսկ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Այս մասին Որակի ապահովման եվրոպացի փորձագետների խմբի պատվիրակության հետ սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բուհերի հավատարմագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրերը:
Վարչապետը նշել է, որ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կարեւորագույն նպատակներից մեկն է ստեղծված հավարատմագրման հանձնաժողովի աշխատանքի անկախության ապահովումը:
Այնուհետեւ, փորձագետների խնդրանքով ներկայացվել են բարձրագույն կրթության բնագավառում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները:
Փորձագետներն իրենց աջակցությունն են հայտնել բուհերի հավատարմագրման աշխատանքների իրականացմանը եւ ողջունել Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը:





























