Սոչիից բազմանդամ ընտանիքի հայր շինարար Մարտիրոս Դեմիրճյանը, ում խոշտանգել ու դաժան ծեծի էին ենթարկել Սոչիի Ադլերի շրջանի «Բլինովո» ոստիկանական բաժանմունքում, նյութական օգնության խնդրանքով դիմել է համաքաղաքացիներին: Ընտանիքը կերակրողին ժամանակավորապես կորցնելուց հետո, բուժման համար ծախսերի եւ քրեական հետապնդումից պաշտպանվելու համար, Դեմիրճյանի  առանց այդ էլ կարիքավոր ընտանիքը, որտեղ չորս երեխա կա, մեկն էլ դեռ պետք է ծնվի, գոյատեւման որեւէ միջոց չունի: Մարտիրոսի կինը՝ Լյուդմիլան, ով կերակրող մայր է, անհանգստություններից կորցրել է կաթը:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, հայրենակիցների խնդրանքին արձագանքել է Սոչի քաղաքի «Ազգային հիշողություն»(նախագահ՝ Արթուր Գեւորգյան) կազմակերպության հայ երիտասարդությունը, որը հավաքել ու Մարտիրոսին է փոխանցել 32 հազար ռուբլի:

Կազմակերպության եւ Մարտիրոսի ընտանիքի միջեւ կայացած հանդիպման ժամանակ պարզվել է, որ տուժածին օգնություն է ցուցաբերել նաեւ Բորիս Նեմցովը՝ 20 հազար ռուբլի չափով, եւ ոմն Վաչիկ, ով ներկայացել է որպես «Հայ համայնքի» անդամ՝ 5 հազար ռուբլի չափով: Նշենք, որ Սոչիում չկա «Հայ համայնք» անվամբ կազմակերպություն չկա, սակայն հայտնի է, որ այդ կերպ հաճախ իրենց անվանում են Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները: Զարմանալին այն է, որ այդ Վաչիկը, փոխարեն աջակցի Մարտիրոսին արդարությունը վերականգնելու իր պայքարում, նրան վախեցրել է՝ պատմելով նմանատիպ դեպքի մասին, որը տեղի է ունեցել Չերեշնյա գյուղի բնակիչ մեկ այլ հայի հետ: «Վաչիկը, ում ես առաջին անգամ էի տեսնում, պատմեց, որ Չերեշնյայից մի հայ ինձ պես տուժել է, սակայն առավել ծանր հետեւանքներով(նրա մոտ պայթել էին աղիներ), արդյունքում ոչնչի չէր հասել եւ անգամ այլ մեղադրանքով դատապարտվել էր ազատազրկման: Նրա պատմության իմաստն այն էր, որ ես ոչնչի չեմ հասնի ու ինձ բանտ կնստեցնեն»,- պատմել է Մարտիրոսը:

Հիշեցնենք, որ Սոչիի բնակիչ Մարտիրոս Դեմիրճյանը, ով աշխատում էր 2014թ.-ի Օլիմպիական խաղերի կամավորների համար տների շինարարությունում, ոստիկանների կողմից  ծեծի էր ենթարկվել ու խոշտանգվել էր այն բանի համար, որ աշխատավարձ էր պահանջել: Դեպքից մի քանի օր անց Սոչի քաղաքի ՆԳ վարչությունը միջնորդագիր էր ներկայացրել Ռուսաստանի հետաքննչական հանձնախումբ՝ խնդրելով  Դեմիրճյանին պատասխանատվության ենթարկել սխալ տեղեկատվության տարածման համար, որը աղավաղում է Բլինովի ոստիկանների գործնական հեղիանկույթունն ու պատիվը: Գերատեսչություն են դիմել նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավորներ՝ խնդրելով պարզել ոստիկանների ամենաթողության դեպքը:

Վերջին տեղեկությունների համաձայն, Մարտիրոս դեմիրճյանի դրությում հետաքրքրվել է Քաղաքացիական հասարակության զարգացման ու մարդու իրավունքների ՌԴ նախագահին կից խորհուրդը: Խորհրդի նախագահ Միխայիլ Ֆեդոտովը այս խնդրի վերաբերյալ հարցում է ուղարկել ՌԴ հետաքննչական հանձնաժողով: Մարդու իրավունքների խորհրդի դիմումի մեջ ասվում է, որ Դեմիրճյանի բողոքի առարկա են հանդիսանում «ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան անօրինականությունները» եւ որ դա այսօր առավել քան կարեւոր է՝ «հաշվի առնելով այն հասարակական արձագանքը, որը հարցում ոն Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարության իրավական ու տնտեսական գործոնները»:

Ռուսաստանի քննչական հանձնաժողովը Միխայիլ Ֆեդոտովի դիմումին տվել շատ զգուշավոր պատասխան, որը ենթադրում է ադլերյան իր աշխատակցի ճշմարտացիությունը, ասելով, որ «ներկա պահին հանցագործության բավարար նշաններ ... չեն ստացել, քանի որ  Դեմիրճյանի կրած վնասներում  ոստիկանության աշխատանքների մասնակցության փաստը չի հաստատվել, ուստի տվյալ գործով քրեական գործի հարուցման համար հիմքեր չկան»: Բորիս Կարնոուխովի պատասխանում կա  հուսադրող արտահայտություն. «Միեւնույն ժամանակ, ես արդեն հանձնարարել եմ դեպքի կատարման իրական հանգամանքները պարզող հատուկ գործողություններ իրականացնել, որի կատարումը վերահսկվում է Ռուսաստանի՝ Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի հարցերով  Կենտրոնական քննչական հանձնաժողովի կողմից»: