Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվել է, եւ  նա անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնեց Գ.Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:   

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 6-ի որոշմամբ, Գ.Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Դատարանն այն ժամանակ  մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը կալանավորման փոխարեն գրավ կիրառելու մասին: Պաշտպանական կողմը երեկ դիմել էր Երեւան քաղաքի դատախազություն` կալանավորումը վերացնելու ու անձնական երաշխավորությամբ Գ.Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությամբ, ինչը բավարարվել է: Գ.Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝  առանձնապես խոշոր չափերով խարդախություն: Նկատենք, որ եթե Գ.Խաչատրյանը երեկ ազատ է արձակվել, ապա նրա պետը` Արմեն Մովսիսյանը, ձերբակալվել է` մի խումբ անձանց հետ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով: