Սեպտեմբերի 8-ին անհայտ անձը հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցներին հաղորդագրություն էր ուղարկել, թե ավտովթարի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստուհի Մելինե Յավրյանը: Հաղորդագրության մեջ նշված էր, թե նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ որ նրա վիճակը ծանր է:

NEWS.am-ը կապ հաստատեց ակտիվիստուհու հետ, որը հերքեց այդ լուրը՝ հավաստիացնելով, որ ինքը իրեն լավ է զգում, եւ ոչ մի ավտովթար էլ տեղի չի ունեցել: Նա վերջին երեք օրերին անգամ տնից դուրս չի եկել:


Մելինեի կարծիքով՝ այս լուրի տարածումը ուղղակի սադրանքի նոր ձեւ է. «Դե տղաներին հետապնդում են ու ծեծում, իսկ աղջիկներին էլ երեւի այս ձեւով են ուզում վախեցնել»:

Այն մասին, որ ինքը ավտովթարի է ենթարկվել, Մելինեն իմացել է ընկերներից. «Զանգում էին վախեցած  ու հարցնում, թե ինչպես եմ ինձ զգում: Մարդիկ էլ կան` ցավակցական նամակներ են գրում»:

Մելինեն կասկածներ ունի, որ սա գուցե նախազգուշացում է, սակայն վստահեցնում է, որ դա իրեն չի վախեցնում, ու ինքը չի դադարեցնելու հասարակական ակտիվ գործունեութոյւնը: