Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին հաշվետվություն կներկայացնի պատգամավորներին՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունում:
Սակայն հակառակ պատգամավորների հույսերին՝ Նալբանդյանն իրավիճակն ավելի նեղ ձեւաչափով կներկայացնի. հանդիպմանը ներկա կլինեն խոհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ մի շարք մշտական հանձնաժողովների ղեկավարներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մի շարք պատգամավորներ հայտարարել էին, որ անհրաժեշտ է խորհրդարան հրավիրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ Ասոցացման մասին համաձայնագրի եւ Մաքսային միության գործընթացների վերաբերյալ իրավիճակից տեղեկություններ ստանալու: Խորհրդարանի խոսնակը խոստացել է, որ ԱԳ նախարարին կհրավիրեն ԱԺ:
Ընդգծենք, որ Մոսկվայում սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանն ու հետագայում մասնակցել Եվրասիական միության ձեւավորմանը:





























