Ես Հայաստանի Հանրապետության եւ Կալինինգրադի մարզի միջեւ ոչ մի ընդհանուր բան չեմ տեսնում. Հայաստանն անկախ երկիր է եւ այդ մասին Ռուսաստանի Դաշնությունում բոլորը գիտեն: Այս մասին, սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի խորհրդականներից մեկի հայտարարությունը: «Հայաստանն անկախ երկիր է եւ այդ մասին հայտնի է ՌԴ բոլոր պաշտոնյաներին: Երեւում է այդ պաշտոնյայի մոտ լեզվի սայթաքում է եղել»,-ըդնդգծել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու եւ այն մասին, որ Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ, Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ Ռուսաստանը սահման չունի նաեւ Կալինինգրադի մարզի հետ: Սակայն ի պատասխան հաղորդավարի այն նկատողությանը, որ խոսքն, այնուամենայնիվ, այլ պետության մասին է, նա պատասխանել է, որ Ռուսաստանի համար տարբերություն չկա պետության եւ պետության մարզի միջեւ: «Բայց մեզ համար սահմաններ չկան՝ ինչ կարեւոր է պետություն է, թե պետության շրջան: Կարեւորը ընդհանուր մաքսային տարածքն է: Մեր միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի շրջանակներում, արդեն 5-րդ տարին է, ինչ ունենք Կալինինգրադի շրջան, որի հետ ընդհանուր սահմաններ չունենք»,-ասել է նա:





























