Երեւանյան վարորդն օրական ստանում է 5-6 հազար դրամ (12 – 15 դոլար): Այդ մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, լրագրողներին ասել է Հայաստանի Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ըստ նրա` վարորդին հենց այդքան է մնում օրական եկամուտից` լիցքավորման եւ գծատեր  ընկերությունների վճարումներն անելուց հետո («պլան»): Նա հավելել է, որ այդ գումարները հաշվի չեն առնվում եւ չեն հարկվում: «Այդ պատճառով էլ  խոսակցությունները, թե վարորդներին նվազագույն աշխատավարձ են վճարում եւ ստիպում աշխատել շուրջօրյա, ճիշտ չեն: 45 հազարի դիմաց ոչ ոք ղեկի մոտ չի նստի», –  ասել է Եղիազարյանը:

Վարորդների նվազագույն աշխատավարձը ձեւական  է գրանցվում` հարկային վճարումների չափը նվազեցնելու համար, բացատրել է նա: «Մենք առանց այդ էլ ծախսեր շատ ունենք, իսկ երթուղու սակագինը մեզ չեն թույլատրում բարձրացնել: 2005-2013թթ. Հայաստանում սպառողական գներն աճել են  54%-ով: Իսկ մեր սակագինը նույնն է մնացել: Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք խնայել: Սակայն վարորդը  «չոր» աշխատավարձ չի ստանում, այլապես, կրկնում եմ, ոչ ոք չէր աշխատի», – հավելել է Եղիազարյանը: