«Վահագնի» թաղամասում կյանքի կկոչվի «Հայաստան սքանչավայր» ծրագիրը, որը ներկայացնելու համար բարերար Վահագն Հովնանյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել է «Վահագնի» թաղամաս:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ 75 000 քմ տարածքի վրա նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը:  Ծրագրի ղեկավարի խոսքով, բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր, պալատներ, բերդեր, եկեղեցիներ եւ պատմական այլ հիշարժան ու կարեւոր կառույցներ: Աշխարհում շուրջ 100 նմանատիպ ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն ինչպես նշել են ծրագրի հեղինակները, դրանցից միայն մեկ տասնյակն են ազգային բնույթ կրել: Երեւանում իրականացվող ծրագիրը նրանց հավաստմամբ, եւս կհամալրի այդ տասնյակի շարքը: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաեւ թաղամասի կառուցապատման շարունակականության եւ ընդլայնման ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, քաղաքապետը նշել է, որ գաղափարն իսկապես հետաքրքիր է, պատմական ու ճանաչողական: Տարոն Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ծրագրի հնարավորին շուտ կյանքի կոչման հարցում: 

Վահագն Հովնանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին համագործակցության ու մշտական աջակցության համար:    

Բարեր Վահագն Հովնանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է նաեւ «Վահագնի» թաղամասի տարածքով: