Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները («Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ) հայտարարություն են տարածել, որով միջնորդում են դատարանին՝ ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:

Հայտարարությունում ասվում է.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին իր թիվ 1900 բանաձեւում ամրագրել է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու չափորոշիչները: Բանաձեւի 5-րդ կետն ուղղված է ԵԽ անդամ պետությունենրին, ուր ասվում է ` «Վեհաժողովը ԵԽ անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին կոչ է անում վերոհիշյալ չափանիշներին համապատասխան վերագնահատել քաղաքական բանտարկյալ դիտվող անձանց գործերը եւ ազատել նման բանտարկյալներին, կամ` պատշաճորեն վերաքննել նրանց գործերը»:

Համաձայն Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների, Տիգրան Առաքելյանի գործը մի քանի չափորոշիչներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված սահմանմանը: Տիգրան Առաքելյանի խնդրին անդրադարձ եղել թե ԵԽ նախարարների կոմիտեյի շրջանառվող, թե` ԱՄՆ պետքարտուղարության` Մարդու իրավունքների 2012 թվականի զեկույցում, ինչը վնասում է Հայաստանի միջազգայն հեղինակությանն ու ժողովրդավարական վարկին:

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ բանաձեւի ոգուն եւ տարրին համապատասխան քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար, ինչպես նաեւ`վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը»:

Ստորագրել են հետեւյալ պատգամավորները՝

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբիկ Հակոբյան

«Հայ ազգային Կոնգրես» խմբակցությունից` Լեւոն Զուրաբյան

ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյան»

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: Վճռաբեկն դատարանն էլ հետ է ուղարկել վերաքննիչ:

2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am