Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը լավ չի ծանոթացել դեպքը ներկայացնող տեսաերիզի հետ, նա անընդհատ խոսում է մոնտաժված տեսաերիզի մասին, բայց դա քրեական գործի մաս չէ: Այս մասին այսօր`սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրանի շահերի պաշտպան, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի տան խոհանոցում տեղադրված ձայնագրող սարքին, ապա Ռուբեն Սահակյանն ասաց, որ ըստ այդ ձայնագրության` խոսում են Սուրեն Խաչատրյանի կինը` Լորետա Բարսեղյանը եւ քույրը՝ Մարիետան, դեպքից հետո էլ խոհանոցում հավաքված են բարեկամները: Փաստաբանը փոխանցեց, որ թե մինչեւ դեպք թե դեպքից հետո Լորետան ասում է, որ մարզպետը խմած, քմած է. հոգնած է:
Ինչ վերաբերում է Բուդաղյանի փաստաբանի մատնանշած` դղյակի վերեւից հնչած կրակոցին, ապա, փաստաբանի կարծիքով, վերեւից կրակոց չի եղել: «Ես էլ եմ տեսնում կրակոց, ես էլ եմ տեսնում, որ այդ կրակոցը որեւէ մեկին չի դիպչում: Ասում են, որ դա Զարզանդ Նիկողոսյանի կրակած փամփուշտն է, բայց Զարզանդ Նիկողոսյանը այնտեղ չի կրակել: Իմ համոզմունքն է, որ դա եղել է Ավետիք Բուդաղյանի կրակոցը: Վերեւից կրակոց չի եղել: Պարոն Ալումյանը խախտում է անմեղության կանխավարկածը, ասում է՝ Սուրեն Խաչատրյանը դա արեց: Չի կարելի մարդուն մեղադրել, եթե չունես հիմքեր»,- նշեց նա:





























