Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դրական է համարում Սիրիայում քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ առնելու Ռուսաստանի առաջարկությունը, սակայն այն չի բավարարում ոչ Թուրքիային, ոչ միջազգային հանրությանը:
«Եթե Սիրիան հանձնի քիմիական զենքը, ապա դա չի բավարարի ոչ Թուրքիային, ոչ մնացյալ աշխարհին»,-ասել է Դավութօղլուն՝ Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Դավութօղլուի կարծիքով, եթե իրադարձությունների զարգացումը օրակարգային դարձնի նման փոփոխությունները, ապա քիմիական զենքից համաշխարհային տարածքը մաքրելը կարելի է դրական նախաձեռնություն համարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր դիրքորոշումն այնպիսին է, որ պետք է աշխարհը մաքրել զանգվածային ոչնչացման ցանկացած տեսակի միջոցներից: Սակայն այս դեպքում խոսքը հանցագործության մասին է: Եթե նման զանգվածային ոչնչացում է իրականացվել, միջազգային իրավունքը պետք է միջամտի եւ պատժի ագրեսորին: Սիրիական ռեժիմն այդ պատասխանատվությունից չի խուսափի»,-հայտարարել է Դավութօղլուն:





























