Երեւանում Փակ շուկայի «վերակառուցումը» չպետք է որեւէ մեկին խաբի: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով Փակ շուկայի վերակառուցման մասին: «Իր բնույթով շուկան առաջիններից էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ Խորհրդային միությունում: Իսկ Երեւանի կենտրոնում այն Մատենադարանի եւ Օպերայի հետ միասին, Հայաստանի հյուրերի համար գլխավոր տեսարժան վայրերից էր»,-հավելել է ճարտարապետը:
Նրա խոսքով՝ լիարժեք ներքին վերակառուցումը կնշանակի որպես հուշարձան՝ շենքի կորուստ: «Թող ոչ ոքի չխաբի արտաքին «բարեկեցիկ» տեսքը, փայլուն ցուցափեղկերը, որոնք կհայտնվեն այնտեղ»,-հավելել է Մինասյանը: Նա ընդգծել է, որ սկզբնական խախտումն այն է եղել, որ շենքը որոշել են վերակառուցել առանց որեւէ նախնական նախագծի, հետո էլ՝ առանց շինության ճարտարապետական պլանավորման:





























