Մեղադրող կողմը «Հարսնաքարի» գործով մեղադրյալների համար 13 տարի ազատազրկում է պահանջում: Հիշեցնենք, որ խոսքը «Հարսնաքար» ռեստորանում մի քանի ռազմական բժիշկների ծեծի ենթարկելու սկանդալային գործի մասին է:

Սեպտեմբերի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող Արթուր Դավթյանը պահանջել է 13-ական տարի ազատազրկում եւ 100 հազար դրամի չափով տուգանք 6 ամբաստանյալների համար, որոնք մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոմյանին, Է. Նիկոյանին եւ Ա. Աղաջանյանին կանխամտածված մարմնական վնասներ հասցնելու մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2012-ի հունիսի 17-ին., 23:00-ի սահմաններում  հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու:

Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:

Ոստիկանության գլխավոր քննչական կոմիտեն բոլոր կալանավորներին 3 մեղադրանք է ներկայացրել՝ ՔՕ համապատասխան հոդվածներով: