Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում վերանորոգումից հետո Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ 3-րդ մեծ պատարագն է մատուցվել:

Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հերթական պատարագին մասնակցել են մեծ թվթվ հայեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում մոտ 50 ուխտավոր Հայաստանից:

Առանց Թուրքիայի դրոշների եւ Աթաթուրքի նկարների մատուցված պատարագին մասնակցել են նաեւ Դիարբեքիրի քաղաքապետը, Սուրի քաղաքապետը, Ադանայում ԱՄՆ երկրորդ հյուպատոսը, քաղաքական գործիչներ եւ մտավորականներ:

Պատարագը մատուցող արք. Արամ Աթեշյանն իր խոսքում նշել է, թե ուրախացնող է, որ բացի Ստամբուլահայերից, պատարագին են մասնակցում նաեւ Դիարբեքիր նահանգում ապրող արմատներով հայերը:

Արք Աթեշյանն ավելացրել է, որ Սիրիայում, Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները տխրեցնող են եւ իրենք աղոթում են այդ երկրների խաղաղության համար:

 Նշենք, որ 1400 աղոթատեղի ունեցող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին,  Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:

Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։